Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք»

«Վերջին օրերի՛ համար  գանձեր դիզեցեք»
29.07.2016 | 00:05

«Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Մարկ. 10. 17)։
Աստծո ամենամեծ ձեռքբերումը կատարյալ մարդու արարումը չէ, այլ Իր իսկ մարմնացումը` որպես մարդու և բարու կատարյալ միություն:
Մարդ` Աստծո պատկերով և նմանությամբ` Աստծո պես անզուգական մի էակ. բոլոր մարդիկ են աշխարհ գալիս որպես այդպիսին, բայց քչերին է հաջողվում աշխարհից հեռանալ որպես մարդ:
Աստված սիրում է մարդկանց (նրանց, ովքեր մտահոգված են իրենց նկարագրի պահպանմամբ) և կամենում է, որպեսզի բոլորը հասնեն կատարելության և մեղքից փրկության:


Աստված է միակ բարին և ակունքը ամենայն բարիքի, և Նրան հասնելու միակ ճշմարիտ ուղին բարիք գործելն է` պայքարը տիեզերական չարի դեմ աստվածազարմ և հավիտենական բարությամբ: Եվ եթե կամենում ենք հասնել կատարելության և դառնալ ժառանգը հավիտենական կյանքի և ո՛չ հավիտենական տանջանքների, պետք է սկսել պատվիրանապահությունից և ավարտել անձնուրացությամբ` հրաժարվելով ամեն ինչից ու հետևելով Հիսուսին, իսկ նրանց համար, ովքեր հարստություն ունեն, Բարի Վարդապետը ավելացնում է. «Քեզ մե՛կ բան է պակասում. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր, ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր և երկնքում գանձեր կունենաս» (Մարկ. 10.21): Այո՛, ձեր գանձերը թող լինեն երկնքում, «որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 620-21), քանզի եթե մարդու գանձը Աստծո մոտ է, իսկ Ինքը` Աստված, մարդու սրտում, ուրեմն նա չի կարող իրեն թույլ տալ ծառայելու երկու տիրոջ` և՛ Աստծուն, և՛ մամոնային (մամոնան հին աշխարհում դրամի կուռքն էր և մեր օրերում էլ, ցավոք, երկրպագուների պակաս չի զգում): Փոխարենը Հիսուս պատվիրում է մարդկանց՝ աշխարհիկ հարստությունը գործածել Աստծո բարեկամությունը շահելու համար, որպեսզի այս աշխարհից հեռանալուց հետո հավիտենական հարկերի տակ ընդունեն նրանց: Հակառակ պարագայում մարդը մխրճվում է վտանգավոր մի արատի մեջ, որից պետք է զգուշանալ. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ.12.15): Նա, ով պատրաստ չէ ամեն րոպե հրաժարվելու իր ինչքից, իր հույսը դրել է ոչ թե Աստծո, այլ սնոտի հարստության վրա, ինչի մասին Հակոբոս Տեառնեղբայրը ասում է. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք» (Հակոբոս. 5.2-3):


Բարեգործության դեպքում առանցքայինը մարդու հոգևոր գիտակցության մակարդակն է. «Ով որ գիտի, թե ինչ է բարին և չի անում, նրա համար այդ մեղք է» (Հակ. 417): Չի կարելի բարեգործություն անել ի տես մարդկանց. «Չխաբվեք. Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդ սերմանում է, նույնը և կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղ. 6.7 -8):


Աստծո ստեղծած ամեն բան բարի և կատարյալ է. թե՛ տիեզերքը և մարդը, թե՛ տիեզերքը և մարդկային հարաբերությունները կարգավորող օրենքները, և արարչությունը կհարատևեն բարու մեջ ու կմիտվեն կատարելության այն դեպքում միայն, եթե դուրս չգան աստվածադիր օրենքների ծիրից: Հետևաբար, բարիք անել նշանակում է ոչ թե սոսկ օգնել մարդկանց, այլ չդավաճանել Աստծուն: Բարի գործ անելու համար անհրաժեշտ է լոկ, որ չլինեն այն չանելու հիմնավորված պատճառաբանություններ: Իրականում բարի է նա, ով իր սրտի դուռը բացում է այն բախող և ներսում օթևան փնտրող Աստծո առաջ և չի վտարում իր սրտից Աստծուն, եթե նա արդեն իսկ օթևանել է այնտեղ: Բարի գործը պետք է անել ոչ թե չկամորեն, այլ հոժարությամբ, քանզի եթե մի բան անում ենք պարտադրված, ուրեմն դա հենց մեր պարտքն է, իսկ երբ անում ենք սիրով, մենք վարձք ունենք, որը պետք է ակնկալել ոչ թե նրանից, ում օգնության ձեռք ենք մեկնել, այլ Աստծուց, որ հատուցելու է բոլորին ըստ իրենց գործերի: Բարի գործը նմանապես մի փորձ է` ապերախտ չգտնվելու Աստծո Սիրո և Նվիրումի` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ։


Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ